Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։ Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Մտահոգված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով, վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ, հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին, հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.
– Արձանագրում ենք, որ 2020 թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
– Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:
– Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է և գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:
– Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են Մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համատեքստում կարևորում ենք Արցախի և ՀՀ իշխանությունների պարբերական խորհրդակցությունները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը Արցախի Հանրապետության նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ Արցախի իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:
– Անցած երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թե՛ տրամաբանությունը, թե՛ գործնական քայլերը կառուցվում էին ինչպես համահայկական ներուժի համախմբման, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցությունը ճիշտ հունով ուղղորդելու միջոցով: Հաշվի առնելով անցյալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժվարին ու ծանր այս մարտահրավերների հաղթահարման լավագույն գրավականը համազգային միասնության դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությունը Արցախի Հանրապետությանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր հաջողություններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
– Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:
Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»: