«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է

Ռուս-ուկրաինական պատերազմով սկսված համաշխարհային ներկա հակամարտության ուղեծրում գտնվող Հարավային Կովկասում լարումն առաջիկայում սաստկանալու է: Այս մասին հայտարարություն է տրածել «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցությունը, որում մասնավորապես ասվում է.

«Թուրք-ադրբեջանա-ռուսական մեծացող ճնշումները` հօգուտ Զանգեզուրի միջանցքի, Բերձոր-Աղավնո-Սուս բնակավայրերի հապշտապ էթնիկ զտումը հայերից, Ռուսաստանի ԱԳՆ բողոքի խելահեղ նոտան, ԱՄՆ, Իրանի, Ռուսաստանի հետախուզական գործակալությունների ղեկավարների Հայաստան այցելությունները, Սուրմալուի աղետը, հայկական ոստիկանության կողմից ռուսական ոստիկանության բռնի գործողությունների կապկումները` ազատ խոսքի եւ հավաքների ազատության դեմ` Հայաստանը հաստատուն քայլերով մոտեցնում են մի կողմից ինքնիշխանության եւ պետականության կորստյան, ինչպես նաև արտաքին` օտար կառավարման կետին, մյուս կողմից` պոտենցիալ նախապայմաններ են ստեղծում Հայաստանի իրական ապագաղութացման համար:

Հայաստանի ռեժիմի վարքագիծն ապացուցում է, որ այն չի ցանկանում դիմագրավել մարտահրավերներին և ինչպես 44- օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ, որդեգրել է ռուս-թուրքական ճնշումների առջև քայլ առ քայլ նահանջելու քաղաքականություն և շարժվում է դեպի Հայաստանի ինքնիշխանության հստակորեն տեսանելի կորուստ` հավանաբար իշխանափոխության տեսքով և Մոսկվային, հետևաբար և Անկարային սեփական ճակատագիրը կամովին հանձնելու ուղով:

Թշնամու հետևողական առաջխաղացումը մենք տեսնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանում չի ձևավորվել ազգային շահեր հետապնդող անցումային կառավարություն:

44-օրյա պատերազմի կորուստները լինելու են անվերջ։ Այնքան ժամանակ` մինչև Հայաստանում չգիտակցվի, որ այս իշխանության օրոք չի դադարելու հայկական շահերի ծրագրված և հետևողական հանձնումը:

Ընթացող աղետի պայմանններում հակաճգնաժամային արտակարգ քայլերի անհրաժեշտությունը բացարձակ է։

Հետևաբար, դրանցից առաջինով Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ժամանակն է ազդարարել անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի իր թեկնածուի անունը:

Այդ թեկնածուն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է։

Վարուժան Ավետիսյանը ներկայումս գտնվում է բանտում: Նա և իր ապստամբ ընկերները վերստին ձերբակալվեցին Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ին:

Այս ռեժիմը վախենում է, ոչ թե «հներից», որոնց ազատորեն ճամփորդելու և դրսում «բուժելու» հնարավորություն է տալիս, այլ` հենց Վարուժան Ավետիսյանից և նրա գաղափարակիցներից:

Թշնամու հայաստանյան կոլաբորացիոնիստների կողմից Բևեռի հետապնդումը բացահայտորեն վկայում է, որ իրենց մարդկային առաջնորդությամբ, թիմով, ապագաղութացման օրակարգ, անցումային փուլի վարում և երկրում համերաշխության վերականգնում ներառող ճանապարհային քարտեզով` ներքին թշնամիների այլընտրանք է հանդիսանում Ազգային-Ժողովրդավարական Բևեռը` ներառյալ Խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանն օժտված է առաջնորդության և կառավարման բացառիկ ձիրքով, բարոյական բարձր հատկանիշներով և սկզբունքայնությամբ, գաղափարական պատրաստվածությամբ, արտակարգ իրավիճակներում ցուցաբերվող կամային որակներով, վճռականությամբ, լայնախոհությամբ և իմաստնությամբ:

Վարուժան Ավետիսյանը Հայաստանի փրկության դրոշակակիրն է:

Վարուժան Ավետիսյանը մեր թեկնածուն է։

Վարուժան Ավետիսյանը Հայաստանի ապագա վարչապետն է։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
26.08.2022 թ, Երևան
—– ——————————————————-

Վարուժան Ավետիսյանի համառոտ կենսագրականը

Վարուժան Ավետիսյանը ծնվել է 1970 թ, Մարտունի քաղաքում, Գեղարքունիքի մարզ, ՀՀ։

1987-1992 թթ․ սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

1994 ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, որպես զորամասի հրամանատարի օգնական։

1995 թ․, նաև 1997-1998 թթ․ աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում, որպես քննիչ։

1999 թ․ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության Անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունում՝ որպես ավագ սպա։

1999-2001 թթ․ ծառայել է որպես ՀՀ Պաշտպանության նախարարության Արտաքին հարաբերությունների վարչության ավագ սպա, այնուհետև՝ բաժանմունքի պետ։

2001-2002 թթ դասախոսել է ՀՀ Պաշտպանության նախարարության բանակային սպաների հատուկ դասընթացներում։

2002-2004 թթ․ զբաղվել է մասնավոր իրավաբանական գործունեությամբ։

2004-2008 թթ․ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության Արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես պաժնի պետի տեղակալ։

2008-2013 թթ․ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես Գլխավոր խմբագրի տեղակալ-ինստիտուտի իրավաբան։

2011-2012 թթ․ եղել է «Սարդարապատ» քաղաքական շարժման անդամ։

2012-2014 թթ․ եղել է «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության անդամ։

2015-2018 թթ․ եղել է «Հիմնադիր Խորհրդարան» քաղաքական նախաձեռնության փոխնախագահ։

2016-2018 թթ․ հանդիսացել է «Սասնա Ծռեր» ապստամբական խմբի անդամ և խոսնակ։

2016 թ․ «Սասնա Ծռեր» ապստամբության ներկայացուցիչ։

Ապստամբության ձախողման և ապստամբների կողմից զենքը վայր դնելու ժամանակ արտասանել է Կրեմլի և Սարգսյանական ռեժիմի դեմ ուղղված հայտնի ելույթը։

2018 թ․ կալանքից ազատվել է (ամբաստանյալի կարգավիճակով մնալով քրեական հետապնդման տակ) հանրային ճնշման և Հայաստանում իշխանափոխության շնորհիվ։

2018 թ. ամռանը կալանքից ազատ արձակվելուց հետո՝ սեպտեմբերի 29-ին, գաղափարակից ընկերների հետ միասին հիմնադրել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը և համանուն շարժումը։

2018 թ․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգողն է և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ։

2020 թ. մայիսի 15-ին Վարուժան Ավետիսյանը դարձել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» վերկուսակցական շարժման նախաձեռնող խմբի անդամ, որի կազմակերպական վերափոխումից հետո՝ 2021 թ., դարձել է նույն շարժման Խորհրդի անդամ:

Թեպետ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հսկայական հանրային ժողովրդական ճնշման շնորհիվ Վարուժան Ավետիսյանն ազատվեց կալանքից, սակայն ներկայիս վարչապետ Փաշինյանի հանդեպ խիստ քննադատություններ հնչեցնելու պատճառով, այժմ էլ նա հետապնդվում է արդեն Փաշինյանի ռեժիմի կողմից։

Սույն թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրը, Վարուժան Ավետիսյանը ձերբակալվել է ռեժիմի կողմից և այժմ գտնվում Է բանտում:

Վարուժան Ավետիսյանը պահեստազորի գնդապետ է։

Վարուժան Ավետիսյանն ամուսնացած է, ունի երկու զավակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել