Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից արդեն հաղորդվել է, օգոստոսի 25-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված՝ «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ:
Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, ձերբակալվել է չորս անձ, ովքեր կասկածվում են ռազմամթերք հանդիսացող առարկաներ ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու և պահելու մեջ:
Պայթյունների հետևանքով ֆիզիկական անձինք չեն տուժել, գույքային վնասի չափը պարզվում է, նշանակվել են փորձաքննություններ: