ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։
Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին:
Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Մասնագիտական առանձնահատկություններով և շենքային պայմաններով պայմանավորված՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների և դասաժամերի քանակն ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` կախված դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները: Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
Դպրոցի սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով կազմակերպվող ստուգարքներով և քննություններով: Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով: Դպրոցի և սովորողի ծնողի փոխադարձ համաձայնությամբ սովորողի անհատական պարապմունքների՝ անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ դպրոցի առաջարկած ժամանակացույցի համաձայն:
Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, դպրոցի մանկավարժական խորհրդի հավանության և լիազոր մարմնի թույլտվության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70% հաճախում ունեցած սովորողներին: Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն:
Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է սկսել 3 սովորողից: Լիազոր մարմնի որոշմամբ՝ դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով: