Չակերտը հայերենի կետադրական նշաններից է (բառը կազմվել է չ տառի անվանումից՝ չա+կերտ, ձևով էլ հիշեցնում է տառի մասնիկը), հայտնում են Լեզվի կոմիտեից։
Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների, մարզական ակումբների և այլ անուններ գրելիս, երբ դրանք գործածվում են բառակապակցության կամ նախադասության մեջ, օրինակ՝ «Հայկական միջօրեական» օրաթերթ, «Անուշ» պոեմ, «Հայոց լեզու» հրատարակչություն, «Հայկազուն» ակումբ։ Հիշեցնենք նաև, որ մատենագիտական ցանկերում վերնագրերը գրվում են առանց չակերտի։
Կան, սակայն, չակերտների գործածության խնդրահարույց դեպքեր, որոնց էլ կանդրադառնանք։
Հոլովական վերջավորությունները և հոդերը գրում են և՛ չակերտների ներսում, և՛ դրսում։
Հարցին անդրադարձել և որոշում է կայացրել Տերմինաբանական կոմիտեն դեռևս 1978 թվականին։ Ըստ այդմ՝ չակերտների մեջ առնվող բառերի հոլովական վերջավորությունները և հոդերը, որպես կանոն, պետք է գրել չակերտներում։ Օրինակ՝ գրել ոչ թե «Հայկական միջօրեական»-ի լրագրողը, այլ «Հայկական միջօրեականի» լրագրողը։
Միաժամանակ սահմանել է այն բացառությունները, որոնց դեպքում հոդերը և հոլովական վերջավորությունները պետք է գրել չակերտներից դուրս։ Այսպես՝
- եթե անունն արտահայտված է ամբողջական նախադասությամբ, օրինակ՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»-ի հեղինակը, «Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ»-ում․
- եթե անունը (բաղադրյալ լինելու դեպքում՝ վերջին բաղադրիչը) կա՛մ բառի հոլովական ձև է, կա՛մ չհոլովվող բառ, կա՛մ անձնական ու ցուցական դերանուն, օրինակ՝ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ի, Լ. Ցիպկինի «Ամառը Բադենում»-ի, Հովհ. Գրիգորյանի «Քեզ հետ և քեզ համար»-ի բնագիրը, Պ․ Սևակի «Դու»-ի վերլուծությունը:
Հոլովական վերջավորությունները և հոդերը կարելի է չակերտներից դուրս գրել նաև այն դեպքերում, երբ հատուկ նպատակ կա շեշտելու վերնագիրը։ Որոշ դեպքերում, երբ առաջանում են անվան ընկալումը դժվարացնող և հայերենի համար անսովոր ձևեր, խորհուրդ է տրվում գործածել լրացյալ: Այսպես. ոչ թե ասել հատվածներ «Մատյան ողբերգության»-ից, այլ հատվածներ «Մատյան ողբերգության» աղոթամատյանից, «Դուռը թակում են»-ի բովանդակությունը, այլ «Դուռը թակում են» վեպի բովանդակությունը։
- Շատ հաճախ հայերեն չակերտների փոխարեն տեքստերում գործածում են օտար չակերտներ կամ այլ նշաններ, ինչպես՝ << >>, “”։
Հայերենում գործածվում են այս չակերտները՝ «»։
Տեխնիկական օգնություն։ Հիշե՛ք, որ հայերեն բացվող ու փակվող չակերտներ դնելու համար պետք է մուտքագրել համապատասխանաբար Alt+0171 և Alt+0187:
Երբեմն հարցնում են՝ ի՛նչ չակերտ գործածել, երբ հայերեն գրության մեջ կա օտարագիր միավոր։ Պետք է գործածել հայերեն չակերտը, քանի որ օտարալեզու միավորը հայերեն տեքստում է։ Օրինակ՝ Նա «The New York Times»-ի թղթակից էր (նախընտրելին, անշուշտ, հայատառ գրությունն է՝ Նա «Նյու Յորք թայմսի» թղթակից էր)։
Նույն հարցն առաջանում է նաև այն դեպքում, երբ օտար բառը գործածված է նախադասության մեջ որպես ինքնանվանողական միավոր։ Օրինակ՝ Նա փորձում էր գտնել անգլերեն feedback բառի համարժեքը։ Նման դեպքերում չակերտի առանձնացնող դերը կարելի է փոխարինել շղատառ կամ թավ գրությամբ կամ էլ չգործածել այս միջոցներից որևէ մեկը, քանի որ այն արդեն իսկ տարբերվում է ընդհանուր տեքստից։
Հաճախ պատահում է այնպես, որ չակերտով սկսվող ուրիշի ուղղակի խոսքը սկսվում կամ ավարտվում է մի արտահայտությամբ, որը ևս պետք է գրել չակերտում։ Հարց է առաջանում. քանի՞ չակերտ պետք է գործածել այսպիսի դեպքերում: Պետք է գործածել երկու չակերտ. ըստ կանոնի՝ մեկը ներքին խոսքի, մյուսը՝ վերնագրի չակերտն է։ Օրինակ՝ ««Լոռեցի Սաքոն» պոեմի մասին կգրեմ»,- մտածում էր ուսանողը:
- Գրե՞լ արդյոք ա-ից և ո-ից հետո գրվող յ-ն այն դեպքերում, երբ այս տառերից որևէ մեկով վերջանում է չակերտի ներսում գրված բառը։ Հոլովական վերջավորությունը չակերտի ներսում գրելիս յ-ն պետք է գրել, իսկ չակերտից դուրս՝ ոչ։ Օրինակ՝ Ե. Չարենցի «Սոմայի», սակայն «Սոմա»-ի: