ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն):
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել (մետաղական հատվածները ժանգոտ են, պատերը և առաստաղը վերանորոգման կարիք ունեն), ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: