«Պաշի տղա Սուրո Լեննականսկին» և «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին» կալանավորվել են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ:

Նշված խմբավորման անդամները,  ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել