ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մաղթանքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներին.
«Մեծարգո վարչապետ, հարգարժան ռեկտոր, Հոգաբարձուների խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ։ Սիրելիʹ շրջանավարտներ, այն բուհը, որը դուք ավարտեցիք, այսօր կստանաք ավարտական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ տեղերը երկար ու ձիգ տարիներ կիսած բուհն է։
Խորհրդային շրջանում երկու հզորագույն բուհ ունեինք՝ Երևանի պետական համալսարանը և Պոլիտեխնիկ ինստիտուտը։ Այլ բուհեր ևս ունեինք, բայց դասական համալսարանը դա Երևանի պետական համալսարանն էր, իսկ տեխնիկական, 21-րդ դարի տերմիններով տեխնոլոգիական, համալսարանը Պոլիտեխնիկն էր։ Սիրելիʹ շրջանավարտներ, ես շատ կցանկանամ, որ դուք լավ ուսումնասիրեք Պոլիտեխնիկի հարուստ ավանդույթները և փոխանցեք մնացածներին։ Անցյալի գիտակցումը և իմացությունը լույս է փռում դեպի առաջ շարժման ճանապարհին։ Պոլիտեխնիկից դուրս են եկել շատ հայտնի գործիչներ և ես վստահ եմ, որ այսօր այս շարքերում նստած են շրջանավարտներ, որոնք ապագայում կդառնան տարբեր ոլորտներում հատնի գործիչներ:
Ես ցանկանում եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հզորանա և աշխարհի տեխնոլոգիական համալսարանների վարկանիշային ցուցակում արժանի տեղ գրավի, իսկ դրա համար մենք բոլորս մեծ աշխատանք պետք է իրականացնենք: Պոլիտեխնիկը պետք է դառնա Հայաստանի տեխնոլոգիական առաջատարը և հզորացնի մեր երկիրը, քանի որ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է։
Ձեզ կանաչ ճանապարհ մասնագիտական կյանքում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»։