Լուսինե Ավագյանը, Գևորգ Գյոզալյանը և Վահե Ռաֆայելյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու

Հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ պաշտոնում առաջադրել է Լուսինե ԱվագյանիԳևորգ Գյոզալյանի և Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները:

Թեկնածուների կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Վահե Ռաֆայելյանը ներկայացրել է իր տեսլականը ձևավորվող մասնագիտացված հակակոռուպցիոն նոր դատարանների, բարձրագույն դատական ատյանի՝ արդարադատության ոլորտում ստանձնելիք բացառիկ կարևոր դերի ու առաքելության, ինչպես նաև այդ դատական կազմում բարձր և պատասխանատու պաշտոնի համար իր կողմից հայտ ներկայացնելու հիմքերի ու պատճառների մասին:

Թեկնածուի խոսքով՝ տվյալ պաշտոնում իր թեկնածությունը ներկայացնելու հիմքը բովանդակային առումով վերջին 20 տարիներին կուտակված և զարգացրած գիտական և տեսական գիտելիքների, ինչպես նաև  գործնական աշխատանքում ձեռք բերած որոշակի փորձի, հմտությունների ու կարողությունների անհրաժեշտ ու բավարար պաշարի առկայությունն է: Վահե Ռաֆայելյանը վստահեցրել է, որ ԱԺ-ի կողմից լիազորվելու դեպքում, պատվով կկատարի բարձրագույն դատական ատյանի դատավորի սահմանադրական առաքելությունը՝ ի բարօրություն ժողովրդի  և ի փառս Հայաստանի Հանրապետության:

Գևորգ Գյոզալյանը, նշելով, որ արդարադատությունն արդարության հասնելու գործիք է, ներկայացրել է արդարության, արդարադատության, ճշմարտության իր պատկերացումները: «Ճշմարտությունն է, որ ինձ ուժ է տալու արդարադատության միջոցով հաստատելու և հռչակելու արդարությունը: Մեր արդարադատությունների գերակշիռ մասը պետք է հաստատի ու հռչակի արդարությունը: Միայն արդարության հռչակումը կարդարացնի արդարադատական համակարգի գոյությունը և կենսունակությունը և որպես վերջնարդյունք՝ ՀՀ-ում անձը կլինի պաշտպանված»,- ասել է նա: Գևորգ Գյոզալյանն ընդգծել է, որ ստվերային արդարադատությունը չպետք է տեղ ունենա ՀՀ-ում և այն արմատախիլ պետք է արվի հիմնովին:

Թեկնածու Լուսինե Ավագյանն արտահերթ նիստին ներկա չի եղել:

Ազգային ժողովը հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին,  կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել