Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը: Նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին։
«Վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական տանը՝ իրենց իսկ նախընտրած գյուղական բնակավայրում: Աջակցությունը տրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը: Աջակցությունը տրամադրվում է վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12 տոկոս հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում աջակցության գումարը կազմելու է 20 մլն 660 հազար դրամ:
Շահառու կարող են դառնալ ՀՀ ռեգիստրում՝ գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի: Չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախագծի ընդունման կապակցությամբ 2022 թվականի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 137.7 մլն դրամի չափով:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել բնակարանային ապահուվության խնդիր ունեցող ընտանիքների Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։