Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը։ Այս մասին ԱԺ նիստի սկզբում հայտարարեց փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գայանե Եղիազարյանին։ Վերջինս մոտեցավ ամբիոնի մոտ, որպեսզի երդվի։
Եղիազարյանը երդվեց․ «Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»։
Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանը հրաժարվել էր մանդատից՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու պատճառով։