«Խորհրդարանական ընդդիմությունը «մաշվել է մինչև քոքը», ու դրա ցուցիչն այն չէ, որ 35 պատգամավոր, 2 նախկին նախագահ, մի քանի կուսակցություններ ունեցող քաղաքական ուժերի հանրահավաքներին մասնակցում է 1500-1700 մարդ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ շարունակելով.
«Դրա ցուցիչն այն է, որ այս մարդկանց գործիքակազմում մնացել են մի քանի ոչ քաղաքական գործիքներ.
1. հայհոյել և սպառնալ ընդդիմախոսներին,
2. զանգվածային անկարգություններ հրահրել և քարերով հարվածել ոստիկաններին,
3. զոհված տղաների մասունքները շպրտել հատակին,
4. վազվզել ու տարատեսակ չարաճճիություններ անել նախարարությունների սենյակներում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը ներս էին խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։
Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, նրանց խնդրանք-հորդորներին, անցնել էին անվտանգության ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, մտել նիստերի դահլիճ, վիրավորել նախարարին և գետնին թափել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների մասունքների լուսանկարները: