Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս լուսանկարը հանկարծակի հայտնվեց համացանցում 2021ին… շոկ էր, զայրույթ, բողոք, անօգնականություն, ատելություն, վրեժխնդրություն… Նահատակված զինվորականների մասունքները, պարկերը, իրար վրա լցված ու հետո՞… ոչինչ, միայն բողոքը մեղմելու համար մի երկու շարքային պաշտոնյայի պայմանական պատժեցին ու վերջ: Հարց՝ իշխանական որևէ պատգամավոր այսօրվա պես բողոքե՞ց, ստատուս գրե՞ց… (մի անմեղսունակը կա, արդարացավ, թե՝ բետոնի կտորներ են մեջը) …. առողջապահության նախարարություն մտած պատգամավորների արարքը քննադատողներից որևէ մեկը դատապարտե՞ց… Ոչ, լռեցին…. դե ողջ գիշեր ուշադիր նայեք այս լուսանկարին, աչքերդ չթարթեք, նայեք ուղիղ ու խորհեք, մտածեք, առերեսվեք…. մինչեւ լուսաբաց:
Առավոտյան կարող է այս բարբարոսության պատասխանատու նախարարի աչքերը հանեք: Իսկ առավոտյան ես կասեմ»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Աննա Մկրտչյանի և Ասպրամ Կրպեյանի հետ գնացել էին Անահիտ Ավանեսյանին ասելու, որ «իրենք կրում են ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում հունիսի 3-ի դեպքերի ժամանակ ոստիկանների գործողություններն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասել էր․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։