Կարևորելով մեր բազմակողմ հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, և հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ հունիսի 2-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պաշտոնական գրությամբ դիմել էին ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համառոտ պարզաբանելով՝ ինչու խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը ներկա չեն գտնվելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնել է ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Նախ՝ ֆորմատը թույլ չէր տալիս ընդդիմության ներկայացուցիչներին ելույթ ունենալ, իսկ իշխող քաղաքական ուժը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերն ու դիրքորոշումը: Այս պայմաններում, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին զուգահեռ՝ մեր մասնակցությունն այդ նիստին նպատակային չենք համարել:
Միաժամանակ մենք կարևորել ենք երկխոսությունը ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների հետ՝ հնարավորության դեպքում հանդիպելու ակնկալիքով: Եվ որևէ պատասխան կամ մերժում չենք ստացել:
Սակայն տարօրինակ այն է, որ այսօր փորձելով ստվեր նետել մեր գործողություններին՝ իշխող ուժի սատելիտներն են խոսում ՀԱՊԿ մասին՝ այն դեպքում, երբ հենց իրենք են վարկաբեկել այդ կառույցը՝ նրա ղեկավարին անհիմն մեղադրանք ներկայացնելով և ներքաշելով դատական գործընթացների մեջ»,-նշել է նա: