Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում:
Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14 0C, Լոռիում` +13…+150C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19 0C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20…+230C: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.60C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.40C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը` 1.7 0C (1967թ., հունիսի 5):
Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42 0C:
Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:
Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:
Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել: