Երկուշաբթի օրվանից ցուցարարները պատգամավորների և Կառավարության անդամների տներ են այցելելու․ մինչև հունիսի 3-ը 16։00-ն ժամկետ է տրվել

Ֆրանսիայի հրապարակում, երթի ավարտին Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ մինչև հունիսի 3-ը 16։00 ժամկետ է տրվում․ «Ժողովուրդը ձևակերպել է իր պահանջը․

  1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում,
  2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքում են,
  3. հայ-թուրքական հարաբերություններ չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։

Մենք ձևակերպել ենք պահանջները, սա վերջնական ջրբաժան է։ Ով դեմ է այս փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին։ Ով դեմ է, պետք է բացատրի՝ ինչու»,-հայտարարել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ որևէ մեկը պետք է ոտնատակ չընկնի․ կամ ժողովրդի հետ է, կամ՝ ժողովրդի դեմ։  Կողմնորոշվելու վերջնաժամկետը հունիսի 3-ն է։

Պետք է կողմնորոշվեն քաղաքական ուժերը (խորհրդարանական, արտախորհրդարանական), հասարակական կազմակերպությունները, մտավորականությունը, բուհերը, պետական հաստատությունները։

Սաղաթելյանը հայտնել է նաև, թե ինչ պետք է անեն շարժման մասնակիցները․ «Պետք է կրկնապատկել ուժերը, հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն»։

Նա նշել է, որ երկուշաբթի, ժամը 11։00-ին բոլորին հրավիրում է հրապարակ՝ մի քանի ուղղություններով և հասցեներով գնալու համար․ «Սկսած իրենց խմբակցության պատգամավորներից, վերջացրած կառավարության անդամներից։ Պետքա պատասխան տան, որ հասկանանք՝ ով ով է։ 5 օր ժամանակ ունենք՝ ամբողջական պատկերը ստանալու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել