«Դիմադրություն» շարժման երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Այսօրվա հանրահավաքն ու երթը ավարտվեց:
Հրապարակում Սաղաթելյանը հայտարարեց, որ Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած բազմամարդ հավաքները ապացույց են, որ սա նոր ղարաբաղյան շարժում է։
«Մեկ շաբաթ շարունակ իշխանական կեղտոտ մամուլը իր որոշ քննչական ծառայությունների հետ, լուրեր է տարածում, որ այս հրապարակում հավաքված են թմրամոլներ։ Մարդկանց տներ են մտնում, խուզարկություններ են անում։ Մի հայտնի կայք ունի էդ Գրզոն, դրանով ինչ-որ նյութեր են տարածում, որ հրապարակում վխտում են թմրամոլները։ Տեսեք սրանց անբարոյականության աստիճանը։ Այս հրապարակում են երեխաներ, մարդիկ իրենց երեխաներով։ Նորածիններից սկսած մինչև ծերեր դուրս են եկել պայքարի։ Սրիկաները և անբարոյականները փորձում են նման լուրերով տպավորություն ստեղծել, որ այս հրապարակում մարդիկ հավաքվում են կամ փողով, կամ թմրանյութի ազդեցության տակ»,-նշեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հրապարակում գտնվող ցանկացած մեկը կարող է առավոտյան 10։00-ին կլինիկայում լաբորատոր հետազոտություն (անալիզ) անցնի, բայց խորհրդարանական մեծամասնությունը ևս պետք է հետազոտություն անցնի։
«Առավոտ գնացեք ձեր ֆրակցիայով, մի քանի հատ էլ նախարար ունեք, տեսեք՝ ովքեր են թմրամոլները։ Իսկ ովքեր չտան, իշխանազրկելուց հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տան ու ժողովուրդը տեսնի՝ ովա թմրամոլը»,-նշեց Սաղաթելյանը։