Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել