Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է երեխաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին:

«Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքական բնույթ կրող կամ քաղաքական ենթատեքստեր պարունակող միջոցառումներին երեխաների մասնակցությունը կարող է որոշվել բացառապես երեխաների կողմից, ինչը նշանակում է՝

• մասնակցության գիտակցված և կամավոր բնույթ,
• միջոցառման նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցում,
• հասունության համապատասխան աստիճան:

Կոչ ենք անում ծնողներին, խնամակալներին, օրենքով երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու այլ անձանց իրենց գործողություններում առաջնորդվել վերոնշյալ սկզբունքներով, ցուցաբերել իրավագիտակցության բավարար մակարդակ և զերծ պահել երեխաներին նմանատիպ միջոցառումներին ներգրավող գործողություններից, որոնց հետևանքով երեխաները սոցիալական հարթակներում ենթարկվում են թիրախավորման, առաջնորդվել միայն ու միայն երեխայի լավագույն շահով»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել