Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Տեղեկություն է ստացվել, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մայիսի 22-ին մեկնելու է Բրյուսել Շարլ Միշելի հետ հանդիպելու համար: Մենք հստակ արձանագրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի և Հայաստանի անունից ներկայանալու մանդատ չունի: Հայաստանի կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի և շահերի հետ որևէ կապ չունեն: Հետևաբար Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ օրվա իշխանությունները չորս տարի շարունակ խաբում են քաղաքացիներին:
«Նրանք շարունակում են խոսել թալանից ու ապօրինի գույքի բռնագանձումից: Սիրելի հայրենակիցներ, մեզանից որևէ մեկը չի եկել այս հրապարակ որևէ մեկի ապօրինի գույքը պաշտպանելու համար: Այդ ամենը սուտ է:
Մեր երկրին և Արցախին որևէ մեկն այդքան վնաս չի հասցրել, որքան այսօրվա իշխանությունները: Նրանց գործունեության արդյունքում թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, իրենց տնից ու ապրուստից զրկվել է 38500 քաղաքացի: Թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 31 բերդ-ամրոց, 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան և մեր հայրենիքի 72 տոկոսը»,- ասաց նա: