Այսօր շրջափակվել է շուրջ 70 խաչմերուկ ու փողոց: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս նշեց, որ իրենց սպասելիքներն արդարացել են:
«Ի տարբերություն նախորդ երկու օրերին, այսօր մենք ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառում չենք արձանագրել: Այսօր բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից չի անցնում, իսկ նախորդ օրերին այդ թիվը հասնում էր 600-700 հոգու: Սա մեր բոլորի միասնական աշխատանքի արդյունքն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս անդրադարձավ նաև հանրության շրջանում Արցախի պաշտպանության հետ կապված տարածվող թեզերից մեկին:
«Քարոզչություն է իրականացվում հետևյալ կոնտեքստով. եթե Արցախի համար պայքարող եք, գնացեք այնտեղ պայքարեք, քանի որ Երևանի փողոցներում Արցախի համար չեն պայքարում: Այս արտահայտությամբ վիրավորում են մեզ՝ Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն: Ես վստահեցնում եմ, որ այս հրապարակում ներկա մարդկանց մեծ մասը մասնակցություն է ունեցել 44-օրյա և ապրիլյան պատերազմներին, իսկ շատերը նաև Արցախի առաջին պատերազմին: Այս հրապարակում հաճախ կանգնած են լինում Արցախի ու Հայաստանի հերոսները: Վերջ տվեք այդ քարոզչություններին, երբ պետք էր մենք Արցախում էինք, իսկ այսօր Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է այս հրապարակում»,- ասաց նա:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ և խաչմերուկներ: