Այսօր Կոմիտասի պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն և թողնելով անօգնական՝ հեռացել. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Կոմիտաս պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն և թողնելով անօգնական՝ հեռացել։

Իմ հանձնարարությամբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզաբանելու՝ արդյոք վերոնշյալ վարորդը հայտնաբերվել է, և ինչ է արվում նրան պատասխանատվության ենթարկելու մասով։

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության մասին հաղորդում են ստացել, և իրականացվում են որոնողական աշխատանքներ` մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Այսօր նաև հերթական գրությունն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ փաստերով ներկայացնելով այսօրվա դեպքերը, մասնավորապես՝ Գլխավոր դատախազին տեղեկացրել եմ, որ ոստիկանությունը այսօր խաղաղ ակցիայի մասնակիցներին՝ այդ թվում կանանց և աղջիկներին, օրինական պահանջ չներկայացնելով, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել: Կոշտ ուժի կիրառման արդյունքում երիտասարդ կնոջ ձեռք է կոտրվել։

Տարբեր վայրերում ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժ են գործադրվել նաև ԱԺ պատգամավորների նկատմամբ, ինչը անթույլատրելի և ապօրինի է։

Նշել եմ, որ այսօր ահազանգ եմ ստացել, որ Էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեին մարմնական վնասվածքներ։ Ոստիկանները այսօր բերման են ենթարկել նաև անչափահասների՝ 17 տարեկան Ալեքսանդր Քոչարյանին և 15 տարեկան Ալեքսանդր Խաչատրյանին, որոնց ոստիկանության բաժնում հայհոյել և ծեծի են ենթարկել։

Անհնազանդության ակցիայի մասնակից քաղաքացի Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ևս ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնություն են կիրառել։ Բացի այս, ոստիկանության գործողությունների արդյունքում վնասվել է քաղաքացի Զոհրաբ Իգիթյանի աչքը։

Արթուր Դավթյանին խնդրել եմ ոստիկանների կողմից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ իրականացված գործողությունների առնչությամբ վերոնշյալ գրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և այդ առթիվ հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնելու ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել