Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքից հետո, շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ոստիկանություն, որպեսզի ներկայացնեն իրենց երեք պահանջները:
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց երեք պահանջները:
«Առաջին. դիմում եմ ոստիկանապետին: Պետք է կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, որոնք երեկ և այսօր ապօրինություններ են գործել և նրանք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Երկրորդ. պետք է սկսվի իրավական գործընթաց պարզելու այս հանցագործություն կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները:
Երրորդ. պահանջում եմ, որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով՝ այս վայրագությունների նկատմամբ, և բացառի բռնի ու անհամաչափ ուժի կիրառումը մեր քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա:
Վերջինս ոստիկանապետի հետ հանդիպում պահանջեց, որպեսզի անձամբ նրան ներկայացնի իրենց պահանջները: