ՔԿ-ն որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը․ Արթուր Վանեցյան

Տեղեկություն է ստացվել, որ ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի, ավագ եղբորը՝ Արթուրին:

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը։

Այս պահին պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Սարգսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և ես արդեն մոտ 3 ժամ գտնվում ենք քննչականում:

Հուսով ենք, որ վարույթ իրականացնող մարմինը չի գնա նման քայլի և չի ձերբակալի Արթուր Գալեյանին, ինչպես նաև կվերացնի Գարիկ Գալեյանի ձերբակալման ավելի վաղ ընդունած որոշումը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արթուր Գալեյանը ինքնակամ է ներկայացել քննչական մարմին և չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Քննչական կոմիտեն ներկայացրել է, որ նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ախացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել