Խոսքս ուզում եմ ուղղել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին. այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, «Դիմադրություն» շարժաման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ և տեղի ունեցող զարգացումները ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ: Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդական արժեքների և ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերը ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախոսղելու պատճառով: Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ և հաշվի առնել ձեր առօրյա աշխատանքում»,- ասաց նա:
Վերջինս դիմելով՝ հանրային ծառայողներին նշեց, որ այս օրերին նրանց նկատմամբ մեծ ճնշում կա և որոշներին նույնիսկ աշխատանքից ազատում են շարժման երթերին մասնակցելու համար: Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենց հաղթանակից հետո այդ պատճառով աշխատանքից ազատված քաղաքացիները կվերականգնվեն իրենց աշխատանքում: