Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Գյումրիում կատարված միջադեպին և կոչով դիմեց քաղաքացիներին

Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Գյումրիում կատարված միջադեպին:

«Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն: Սիրելի քաղաքացիներ, մի տրվեք սադրանքների: Սա մարտի 1 կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած և հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է:

Այս շարժման առաջին օրվանից մենք հայտնել ենք, որ սա իրական համերաշխության շարժում է և պայմանավորվել ենք, որ մեր պայքարը բոլոր հայրենակիցների համար է»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այս շարժումը համախմբող և հայ ժողովրդին նոր զարթոնքի տանող շարժում է և ով շեղվում է այդ ուղուց իրենց հետ գործ չունի:

Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել