Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր մեկնարկեցին նոր գործընկերություն՝ վերահաստատելով իրենց հանձնառությունն աջակցելու Հայաստանին հասնելու Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։
Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:
Ճապոնիայի կառավարությունը 900.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով երկրի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար։
ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» նոր ծրագիրը կուժեղացնի երկրի կլիմայական դիմակայունությունը և կօգնի մեծացնել հարմարվողականության միջոցառումները՝ թիրախավորելով նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, խոցելի խավերին և ֆերմերներին։
«Հիդրոօդերևութաբանական երևույթների աճող հաճախականությունն ու ինտենսիվությունը հսկայական կորուստներ և վնասներ են հասցնում հատկապես գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին։ Այս առումով մենք վստահ ենք, որ ծրագրի շրջանակներում կատարելագործվող տեխնոլոգիական և մասնագիտական կարողություններն էապես կնպաստեն այս մարտահրավերների հաղթահարմանը»,-բացման իր խոսքում նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։
Խոսելով այս նոր գործընկերության ռազմավարական նպատակների մասին՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան մասանորի Ֆուկուսիման հույս է հայտնել, որ այս օժանդակությունը ժամանակին և տեղին կլինի՝ նվազեցնելու կլիմայի փոփոխության ռիսկերը և հասնելու արտանետումների կրճատմանը, որը նախատեսվում է զգալիորեն նվազեցնել մինչև 2030 թվականը։
«Նոր նախաձեռնությունը հիմնված է ՄԱԶԾ-ի, Կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ կլիմայի, շրջակա միջավայրի և աղետների ռիսկի նվազեցման ոլորտներում սերտ և հաջողված համագործակցության և բարձր արդյունքների վրա՝ նպաստելով ազգային առաջնահերթությունների իրականացմանը Փարիզյան համաձայնագրով երկրի պարտավորություններին համահունչ»,-նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրեցին ծրագրային փաստաթուղթը։