Ես ուզում եմ ձեզ փոխանցել, որ մեր մարզային բնակչությունը մեզ հետ է․ այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդ, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Րոպե-րոպե մեր ժողովուրդը ոտքի է կանգնում։ Եկեք ողջունենք վանաձորցիներին, լոռեցիներին, ովքեր այդ հորդառատ արնձրևի պայմաններում ներկա էին և այս պայքարի կողքին էին։ Մենք միասին ենք, մենք բռունցք ենք հանուն այն նպատակի, որ հրապարակել ենք հենց այս հրապարակից։ Սիրելի հայրենակիցներ, այսօր տեղի ունեցավ կանանց և աղջիկների երթը, սա բացառիկ մի իրադարձություն է, երբ որ հերոսածին մայրերը, կանայք, երիտասարդ աղջիկները կամք էին թելադրում, մեր պահանջն էին ներկայացնում, երթի էին դուրս եկել հանուն խաղաղության, երթի էին դուրս եկել՝ կանխելու նոր զոհերը և կորուստները։
Կեցցեք դուք, հպարտանում ենք ձեզանով, դուք մեզ ավելի եք պարտավորեցնում։ Սիրելի հայրենակիցներ, միացեք մեզ, միացեք այս հրապարակի հրաշք, ֆանտաստիկ, արժանապատիվ մարդկանց, միացեք, որպեսզի ավելի հզորանանք, ավելի ամրանանք, ավելի գեղեցկանանք և այս պայքարը հասցնենք իր հաղթական ավարտին»,-ասաց նա։
Սաղաթելյանն ասաց, որ առավոտից փողոցներում են․ «Մի հատ տեսեք ինչքան շատ ենք, ինչքան լավն ենք։ Միություն, պայքար, հաղթանակ»։
Ակցիայի մասնակիցները քայլերթ սկսեցին։