Կալանավորված ցուցարարի պաշտպանական թիմը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի կողմից պաշտոնական հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է։
Քննչական կոմիտեի կողմից հայտնած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝
«(…) քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էին ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր ձերբակալվել էին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:»։
Նշված տեղեկությունների առնչությամբ ցանկանում ենք մեր հանրությանը մի շարք կարևոր պարզաբանումներ ներկայացնել։
Այսպես, Քննչական կոմիտեն իր տարածած հայտարարության մեջ հատուկ հետևողականությամբ «պատահաբար» մոռացել է նշել, որ մեր պաշտպանյալ Ա. Մ.-ի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքը բավարարվել է և այն ճանաչվել է ոչ իրավաչափ (ապօրինի), քանի որ ձերբակալումն իրականացվել է ոչ միայն դրա համար սահմանված առավելագույն ժամկետի էական խախտմամբ, այլև առհասարակ գործ ունենք բառիս իրավաբանական իմաստով ԱՆՆՊԱՏԱԿ ձերբակալման հետ։
Նույնպիսի համառ «պատահականությամբ» Քննչական կոմիտեն իր հայտնած տեղեկատվության մեջ «մոռացել է» նշել, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է միայն ՄԱՍՆԱԿԻ և 2 (երկու) անչափահաս երեխաների հայր, նախկինում երբեք չդատված, հասարակության և հատկապես պատերազմում զոհված զինծառայողների ծնողների շրջանում հարգանք վայելող մեր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 1 (մեկ) ամիս ժամկետով կալանավորումը։
Բացի այդ, լավ կլիներ, որ Քննչական կոմիտեն հանրությանն իրազեկեր, թե այդ ի՞նչ անհրաժեշտությամբ պայմանավորված է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը ՔԿ-ի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնից ժամերի ընթացքում տեղափոխվել ՔԿ-ի Երևան քաղաքի վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժին։
Լավ կլիներ նաև, որ ՔԿ-ն պարզաբաներ թե ի՞նչ նպատակ հետապնդելով է նախքան կալանքի միջնորդություն ներկայացնելը հարցաքննել միայն իրավապահ մարմնի ծառայողներին (գերատեսչական շահով կաշկանդված), բայց ոչ տվյալ դեպքին ականատես ցանկացած որևէ այլ գեթ մեկ անձի։
Պաշտպանական կողմի համար թե ՔԿ-ի տարածած այս հայտարարությունից առաջ և թե հատկապես դրանից հետո առավել քան ակնհայտ է, որ մեր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ուղիղ կապված է նրա քաղաքական հայացքների հետ և պայմանավորված է նրա ընդդիմադիր կեցվածքով։
Առավել պատկերավոր ասած մեր պաշտպանյալը քաղբանտարկյալ է «ժողովրդավարության բաստիոնում»։
Մեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն իր բովանդակությամբ այնքան ներքին հակասականություններ ունի, որ միանգամից պարզ է դառնում իրականության հետ դրա որևէ աղերս չունենալու հանգամանքը։
Ուստի, համոզված ենք, որ այս ապօրինի մեղադրանքը երկար կյանք ունենալ չի կարող։
Սույն ապօրինի քրեական հետապնդման այլ մանրամասների մասին կխոսենք առաջիկայում։
Հ.Գ. Կարծում ենք, որ իրավապահ մարմինների այսօրինակ աղճատված հայտարարությունները ոչ թե հանրությանը հուզող քրեական գործերով տեղեկություններ տրամադրելու, այլ վախի մթնոլորտ տարածելու եղանակով մեր հայրենակիցներին իրենց սահմանադրական իրավունքներից չօգտվելու կոչ անելու նպատակ են հետապնդում։
Ա. Մ.-ի պաշտպաններ՝ Արթուր Նահապետյան, Վահե Եփրիկյան»,-նշված է հայտարարության մեջ։