Երևանի Անտոն Չեխովի անվան համար 55 դպրոցում այսօր՝ ապրիլի 14-ին, տնօրենի ընտրության օրն է։ Թեկնածուները 3-ն են՝ Անժելա Կարապետյանը, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանը, որը նույն դպրոցի տնօրենի պաշտոնակատար է եղել մինչև մարտի 10-ը, և Դիանա Մինասյանը, ով այժմ տնօրենի պաշտոնակատարն է։ Հիմնական մրցակիցները Տաթևիկ Մելքոնյանը և Դիանա Մինասյանն են։
Iravaban.net-ի լրագրողը փորձել է զրուցել թեկնածուների հետ, սակայն Տաթևիկ Մելքոնյանը նշեց, որ չի ուզում խոսել․ «Ես հիմա այն հոգեվիճակում եմ, որ խոսելու ցանկություն չունեմ»։
Դպրոցի ներկայիս տնօրենի պաշտոնակատար Դիանա Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած ծանոթ չէ հաշվետվությանը, սակայն ինչ մուտք է գործել դպրոց, իրեն ասում են, որ դպրոցն ունի ճեղքվածք․ «Բավականին խոշոր գումարի մասին է խոսքը։ Ես իմ զարգացման ծրագրում էլ գրել եմ, որ դպրոցը 8 միլիոն դրամի վնաս է կրել։ Պարզվում է, որ դպրոցի տնօրենի նախկին պաշտոնակատարը (Տաթևիկ Մելքոնյանը-խմբ․) իր պաշտոնավարման ընթացքում ինքն իրեն ամսական պարգևատրել է ավելի քանի 400 հազար դրամով։ Դա տարեկան կազմում է մոտավորապես 5 միլիոն դրամ»։
Դպրոցի տնօրենի ընտրությունից մոտ մեկ ժամ առաջ դպրոցի մի քանի դասարաններ բոյկոտում էին դասերը և հրաժարվում վերադառնալ դասարաններ։ Դիանա Մինասյանը նշում է, որ իր նշանակվելուց հետո առաջին 2 օրերին բողոքի ակցիաներ են իրականացրել աշակերտները և ծնողները, սակայն դրանից հետո խաղաղ և հանգիստ մթնոլորտ է եղել։
«Ինձ համար անընդունելի է սեփական ամբիցիաներից ելնելով երեխաների օգտագործումը և շահարկումը։ Երեխաները էմոցիոնալ են և շատ արագ են ընկնում ազդեցության տակ։ Այս ամենը չպետք է խանգարի դասապրոցեսի իրականացմանը, երեխաների կրթության իրավունքի իրացմանը։ Իր (Տաթևիկ Մելքոնյանի-խմբ․) ուղղորդմամբ է այս ամենը կատարվում»,-նշում է նա։
Աշխարհագրության ուսուցչուհի Նինել Գասպարյանը նշում է, որ ինքը փոքրամասնության մեջ է, քանի որ գտնում է՝ դպրոցի տնօրեն պետք է դառնա նոր մարդ, Դիանա Մինասյանը։ Ըստ նրա՝ ապրիլի 1-ից կատարվող երևույթները փաստում են, որ ինքը ճիշտ ընտրություն է կատարել։
«Ապրիլի 1-ին դասերը դադարեցվեցին, երեխաներին ուղարկեցինք տուն, ուսուցիչների և երեխաների մեծ խումբ շարժվեցին դեպի քաղաքապետարան՝ իրենց պահանջը ներկայացնելու, այն է, որ Տաթևիկ Մելքոնյանը շարունակի պաշտոնավարել։ Դատապարտում եմ նման գործելաոճը, դասապրոցեսը կանգնեցնել չի կարելի, նման հարցերում անչափահաս երեխաներին մասնակից դարձնել չի կարելի»,-նշեց նա՝ հավելելով, որ նման պայմաններում որևէ ուսուցիչ իր աշակերտին դիտողություն անել չի կարողանալու։
Գասպարյանի խոսքով՝ ինքը Տաթևիկ Մելքոնյանի հետ վատ հարաբերություններ չի ունեցել, երկար տարիներ միասին են աշխատել, սակայն տնօրենի պաշտոնում նրան չի տեսնում։
Ուսուցիչներից Գայանե Պապյանն ընդգծում է՝ ինքը որևէ թեկնածուին «կողմ» կամ «դեմ» չէ։
«Ինձ մեկ է՝ կլինի Տաթևիկ Մելքոնյանը, Դիանա Միասյանը, թե «Պողոս Պողոսյանը»։ Ես ուզում եմ դպրոցի շահի մասին խոսել, նրա ապագայի։ Իզուր չեն ասում՝ երեխաները մեր ապագան են։ Ես ապագա չեմ ուզում նրանց հետ, ովքեր վերցնում են պաստառները, գոռում են՝ հեռացիր։ Ես դրան դեմ եմ։ Եթե Մինասյանը ընտրվի՝ նրա հետ կաշխատեմ, կլինի Մելքոնյանը՝ կաշխատեմ նրա հետ։ Ում նշանակեն, նրա հետ էլ կաշխատենք»,-նշեց Պապյանը։
Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Թամազյանը կարծում է, որ եթե տնօրենը, ուսուցիչը, ծնողը լինեն իրենց տեղերում, ապա նման իրադարձություններից խուսափել հնարավոր կլիներ։ Հարցին՝ Տաթևիկ Մելքոնյանը դպրոցում կարգ ու կանոն պահպանել կարողանո՞ւմ է, ուսուցիչը մատնացույց արեց դպրոցի բակում հավաքվածներին։
«Դուք տեսնում եք, հարցի պատասխանը Ձեր առաջ է»,-նշեց նա՝ ակնարկելով, որ ակցիան հենց Մելքոնյանի կողմից է ուղղորդված։
Նրա խոսքով՝ ուսուցիչների և աշակերտների մոտ Դիանա Մինասյանի վերաբերյալ բավականին դրական կարծիք կա։ Թամազյանի խոսքով՝ կազմակերպված ցույցը երեխաների նախաձեռնությունը չէ։
Չեխովի անվան դպրոցում 40 տարի դասավանդած Հասմիկ Մելքոնյանը նշում է՝ իր համար ցավալի է, որ դպրոցի անունը հնչում է այնպես, ինչպես չի հնչել 40 տարիների ընթացքում։
«Այն անկարգությունները, որոնք տեղի են ունենում դպրոցում, անընդունելի են։ Աշակերտները իրավունք չունեն բոյկոտել դասերը, ահավոր է, որ մեծերը նրանց դարձրել են իրենց գործիքը՝ սեփական գործերի համար։ Ես ղեկավարությունից պահանջում եմ շտապ միջոցներ ձեռնարկել։ Ես դեմոկրատ եմ, ես նորի կողմնակիցն եմ, նորն եմ ուզում տեսնել»,-նշեց Մելքոնյանը։
Դպրոցի ուսուցիչներից Նարինե Աբրահամյանը նշեց, որ ինքն իր նախընտրած թեկնածուն ունի և դա Տաթևիկ Մելքոնյանն է։ Ուսուցիչը ընդգծում է՝ դպրոցի գործող տնօրենի պաշտոնակատարին դեմ չէ։
«Այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե ինչու մեր ժամանակավոր պաշտոնակատարին փոխեցին, որն էր խնդիրը։ Դա այդպես էլ չպարզաբանվեց։ Հուսով եմ՝ այսօրվա ընտրությունները կկայանան և մեր դպրոցը վերջապես տնօրեն կունենա, ընտրությունների հետո հետևություններ կանեմ»,- նշեց Նարինե Աբրահամյանը։
Նշենք, որ ընտրության արդյունքներով Տաթևի Մելքոնյանը և Դիանա Մինասյանը ստացել են 4-ական ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ 1 ձայն։
Լրագրողների հարցերին ի պատասխան Մինասյանը հայտարարեց, որ ինքը ավարտել է Տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» բաժինը, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, 10 տարի է դասավանդում է ՀՊՏՀ-ում, դասախոսել է Իտալիայի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում, աշխատել է Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկում։
Լուսանկարի աջ կողմում Տաթևիկ Մելքոնյանն է, ձախում՝ Դիանա Մինասյանը։