Կառավարությունը մարտի 10-ի նիստին ընդունել է 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝
քաղաքացիներից այլևս չի պահանջվի թղթային տեղեկանք պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք) ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Տվյալները Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։
Մասնավորապես՝ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս, փոխադրամիջոցի (տրանսպորտային միջոցի) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չեն պահանջում, եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով»:
Որոշումն ուժի մեջ է մտել 2022 թվականի ապրիլի 1-ից:
Համակարգի նմանատիպ գործարկման արդյունքում քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարել առկա պարտավորությունները, ինչն ավելի դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցման/հաշվառման գործընթացը։