ՈւԱԿ-ի Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը վերաբացվել է

ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը։ Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։

Պատասխանատուների հավաստմամբ` վերանորոգված բաժանմունքում պացիենտներին մատուցվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան բժշկական ծառայություններ, որոնց զգալի մասն իրականացվում է պետական պատվերի շրջանակում:

Հյուրերը շրջել են կենտրոնում, նաև` Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինհրապարակներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ՈւԱԿ-ը, որպես ազգային կենտրոն պետք է լինի իրապես ազգային, և նախարարությունը շարունակաբար ջանք է գործադրում դրա համար։

«75-ը լուրջ տարիք է, և շատ կարևոր է տեսնել Կենտրոնի երիտասարդացումը և զարգացումը: Կարևոր է, որ ամեն սերունդ իր ներդրումն ունենա, առաջընթաց ապահովի և հանձնի հաջորդ սերնդին։ Այդպես է կառուցվում կենտրոնը, այդպես է կառուցվում երկիրը», – ասել է Անահիտ Ավանեսյանը` անձնակազմին մաղթելով նորանոր աշխատանքային հաջողություններ։

ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը շարունակական աջակցության համար` նշելով, որ առանց դրա կենտրոնն այսպիսի առաջընթաց չէր ունենա։

Նշենք, որ 2020 թվականից ՈւԱԿ-ում իրականացվում են մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնց շնորհիվ լիովին փոխվել է հին, 40-ամյա շենքի ներքին տեսքը։ Այսօրվա հիվանդանոցային պահանջներին համապատասխան արդեն նորոգվել ու վերազինվել են կենտրոնի բոլոր կլինիկական բաժանմունքները, ձեռք է բերվել 100-ից ավելի սարք-սարքավորում: Ընթացքում են ադմինիստրատիվ մասի բարեկարգման աշխատանքները, շարունակվում է 2021 թվականին մեկնարկած նոր՝ Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել