ՀՀ քաղաքացու անձնագրի ոդիսականը
Դեռևս 2011թ-ին Տավուշի ՇՊԱԿ էր դիմել 1975թ.-ին ծնված Արտակ Ոսկանյանը, և հայտնել, որ ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը, ի դեմս Ոստիկանության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունքի, իր Խորհրդային նմուշի անձնագիրը չի փոխարինում ՀՀ քաղաքացու անձնագրով, պատճառաբանելով, որ զինվորական հաշվառում չունի:
Ա. Ոսկանյանը հաշվառված է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում: Նրա անձնագրավորման գործընթացի` փակուղու մեջ լինելու պատճառ էր հանդիսանում այն, որ ժամանակին ինչ-ինչ պատճառներով դուրս մնալով զինվորական հաշվառումից, չի հանդիսացել զինապարտ, չի անցել զինվորական ծառայություն և չուներ համապատասխան զինվորական փաստաթղթեր: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ 19 տարեկան հասակում Ա. Ոսկանյանը կամավոր ներկայացել է Իջևանի զինկոմիսարիատ իրեն հաշվառման վերցնելու նպատակով, սակայն պատասխանել են, թե իր անունը բացակայում է ցուցակներից և իրեն «կկանչեն» հետագայում:
Ա. Ոսկանյանը իր զինվորական հաշվառման խնդրանքով պարբերաբար դիմել է Իջևանի զինկոմիսարիատ, սակայն ստացել է պատասխան, թե իր զինվորական հաշվառման հարցը կարող է լուծվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում` օրենքով սահմանված 1 մլն. 800 հազար (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելու դեպքում, այն պարագայում, երբ Ա. Ոսկանյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: Գործն ուսումնասիրվեց, ընդունվեց Տավուշի ՇՊԱԿ-ի վարույթ, որին հաջողվեց դատական կարգով պաշտպանել Ա. Ոսկանյանի իրավունքները, ով արդեն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ:
Iravaban.net-ը պատրաստել է այս պատմության մասին տեսաֆիլմ:
Ա. Ոսկանյանի հաջողության պատմությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: