Ե՞րբ է օդանավում կատարված պատահարի վերաբերյալ անցկացվում մասնագիտական քննություն

Եթե օդանավը թռիչքային նպատակներով օգտագործելու ընթացքում տեղի է ունենում պատահար, որն առաջացնում է մարդկային զոհ կամ լուրջ մարմնական վնասվածք կամ էական վնաս է պատճառում օդանավին կամ օդանավում չգտնվող գույքին, ապա անցկացվում է պատահարի մասնագիտական քննություն (այսուհետ՝ քննություն):

Քննությունն իրականացվում է նաև նման պատահարի վտանգ պարունակող լուրջ միջադեպեր առաջանալիս, կամ եթե տեղի է ունեցել օդանավում, վերգետնյա ավիացիոն միջոցներում կամ ծառայություններում առկա լուրջ թերությունների մասին վկայող որևէ դեպք:

Պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման նպատակը դրանց կանխարգելումն է: Քննությունը նպատակ չունի որոշել որևէ անձի մեղավորության և պատասխանատվության աստիճանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման կարգ, որի կիրարկումն ապահովող կանոնակարգերը սահմանում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նշանակում է քննության անցկացման հանձնաժողով: Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում կայացնել քննություն անցկացնող հատուկ հանձնաժողով նշանակելու մասին: Եթե իրադարձությունը չի հանդիսանում պատահար կամ լուրջ միջադեպ, ապա Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կարող է նշանակել մեկ հետաքննող կամ քննություն անցկացնելու իրավունքը փոխանցել համապատասխան քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը կամ օդանավ շահագործողին:

Հանձնաժողովը քննություն անցկացնելու նպատակով պետք է ունենա անհրաժեշտ գործնական, տեխնիկական և իրավական փորձաքննություն անցկացնելու հնարավորություն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, իրավաբանական և ֆիզիկական անձինք պետք է աջակցեն հանձնաժողովի աշխատանքին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը նշանակող մարմինը կարող է աջակցություն խնդրել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններից կամ պատահարներ քննող այլ մարմիններից:

Պատահարի կամ միջադեպի հետ առնչություն ունեցող անձինք քննության աշխատանքներն սկսելու ու ավարտի մասին ծանուցվում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Նրանք տեղյակ են պահվում քննության ընթացքի մասին այնքանով, որքանով որ դա չի խանգարում քննությանը: Նրանց հնարավորություն է տրվում հանձնաժողովին կամ քննությունն անցկացնող անձին ներկայացնելու այնպիսի հայտարարություններ, որպիսիք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավունքների պաշտպանության համար: Նշված հայտարարությունները ներառվում են օրենքով նախատեսված հաշվետվության մեջ:

Հանձնաժողովը կարող է քննության ներգրավել բոլոր այն անձանց, ովքեր կարող են տրամադրել քննության ընթացքի համար կարևոր տեղեկություններ, ինչպես նաև պահանջել և հետազոտել կարևորություն ունեցող փաստաթղթերը, գրառումները և համակարգչային տեղեկությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել