Ինչպե՞ս կարող են բանկերը միանալ

Բանկի կամ մի քանի բանկերի` մեկ այլ բանկի միանալու դեպքում միացող բանկերը կնքում են միացման պայմանագիր` ստանալով Կենտրոնական բանկի նախնական հավանությունը:

Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար բանկը Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:

Կենտրոնական բանկի խորհուրդը վերոնշյալ գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, կայացնում է նախնական հավանություն տալու կամ չտալու մասին որոշում: Նշված ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում հավանություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը համարվում է ընդունված:

Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է հավանություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե`
ա) բանկի (բանկերի) վերակազմակերպումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի.
բ) միացման արդյունքում պահպանվող բանկի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի.
գ) միացման արդյունքում բանկը բանկային շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհ դիրք.
դ) գործարքի արդյունքում կողմերից որևէ մեկի ավանդատուների, այլ պարտատերերի շահերը կվտանգվեն:

Կենտրոնական բանկի նախնական հավանությունն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, միացող բանկերը միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում և գրանցում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից` երկշաբաթյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական հավանության պայմաններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել