Ինչպե՞ս են ընտրվում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ):

Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան մարզպետի, իսկ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) կազմած մրցութային հանձնաժողովները` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

Մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մրցույթի ներկայացվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումների համար:

Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության առաջարկած և մրցութային հանձնաժողովի ընդունած փոխադրավարձով:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի և փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջև կնքված համապատասխան պայմանագրով, որի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել