Ազգային ժողովի նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները, Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում է նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։
Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:
Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո: Մինչև քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է:
Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ կարող է օրենքով նախատեսված կարգով հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:
Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:
Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր: Եթե պատգամավորի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:
Պատգամավորի քվեարկությունը՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չքվեարկելը, նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել: