Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները կկարգավորվեն

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության բարեփոխում կիրականացվի: Այն նախատեսվում է իրականացնել դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով:

Մասնավորապես նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխելու հարցում տարբերակվում են 3 ձևի կառուցակարգեր.

1. Դատական, այսինքն` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը լուծում է դատարանը: Նման կարգավորում մինչև 2006թ. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում կատարված փոփոխությունները սահմանված էր նաև Հայաստանի Հանրապետությունում:

2. Խառը, այսինքն` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և դատարանի միջև գոյություն ունի որոշակի միջանկյալ օղակ, որը եզրակացություն է տալիս դատապարտյալի ուղղված լինելու վերաբերյալ:

3. Արտադատական, այսինքն` պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը լուծում են համապատասխան անկախ հանձնաժողովները, որոնք օրենքով նախատեսված անկախ մարմիններ են և չեն մտնում որևէ պետական մարմնի կառուցվածքի մեջ:

2006թ. օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դատական ձևից անցում կատարվեց դեպի խառը ձև: Վերջինս կարելի է դիտել որպես դատապարտյալների ուղղման և նրանց պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերին հասարակության մասնակցության աստիճանի բարձրացմանն ուղղված քայլ: Սակայն այդ հանձնաժողովների գործունեության միասնական սկզբունքների և սոցիալական ուղղվածության բացակայությունն էականորեն նվազեցնում է Հայաստանի Հանրապետությունում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերի արդյունավետությունը, հանգեցնում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության:

Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների միջոցով կատարելագործել հանձնաժողովների գործունեության սկզբունքները, որոշումների կայացման չափանիշները: Նման փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանի Հանրապետությունում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերում առկա թերությունները, մյուս կողմից՝ կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների

մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը և անցումը ներկայիս կարգավորումից դեպի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու արտադատական ձևին:

Աղբյուրը` իրավաբան․net

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել