Ո՞վ կարող է լինել նոտարի օգնական կամ ստաժոր

Նոտարը կարող է ունենալ օգնական կամ այլ աշխատողներ, որոնց աշխատանքի է ընդունում և ազատում նոտարը: Նոտարի աշխատողների քանակը որոշում է նոտարը:

Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաև հետևյալ հիմքերով պաշտոնից ազատված նոտարը.
1. լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
2. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
3. օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ ազատությունից զրկող մեղադրական դատավճիռը, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է պաշտոնական հանցագործություն կատարած անձ:

Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարի և ստաժորի միջև կնքված պայմանագրի համաձայն:

Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն կամ թերի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն:

Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:

Նոտարի օգնականը կամ ստաժորն իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները.
1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում.
2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.
3) նոտարական գործավարության իրականացում.
4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.
5) նոտարական պրակտիկայի ամփոփում.
6) աշխատանք արխիվի հետ.
7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:

Նոտարի օգնականի կամ նրա մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և նրանց ու նոտարի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել