Մերձավոր ազգականները կարո՞ղ են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց

Ձերբակալված և կալանավորված անձանց հետ կարող են տեսակցել պաշտպանը, մերձավոր ազգականները, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները և այլ անձինք:

Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ անձանց կողմից ձերբակալվածկամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:

Ձերբակալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկ տեսակցություն` մինչև մեկ ժամ տևողությամբ:

Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել