Ի՞նչ գործառույթներ ունի դատարանների նախագահների խորհուրդը

Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է, որի անդամներն են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահները:

Դատարանների նախագահների խորհուրդը՝
1) իրականացնում է ՀՀ դատական իշխանության ինքնակառավարումը, քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովների իրավասությանը օրենքով վերապահված հարցերի.
2) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.
3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
4) հաստատում է դատական քննության հետ կապված դատավարական օրենսդրության պահանջների կատարումն ապահովող կանոններ.
5) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.
6) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
7) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.
8) սահմանում է դատավորի անձնական գործում պահվող այլ տեղեկություններ.
9) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
10) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.
11) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.
12) հաստատում է դատավորների և դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.
13) հաստատում է Դատական դեպարտամենտի կողմից նախապատրաստված բյուջետային հայտը.
14) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.
15) դատարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.
16) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.
17) վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.
18) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.
19) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների ինքնաբացարկի, դատավորների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի և դատավորների փոխարինման կարգերը.
20) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը.
21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.
22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.
23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
24) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա խորհրդի առաջիկա նիստի ընթացքում տալիս է առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ.
25) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Դատարանների նախագահների խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Խորհուրդն իրավազոր է, եթե խորհրդի նիստին ներկայացել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի քվեարկությունները բաց են: Խորհրդի կանոնակարգով նախատեսված դեպքերում կարող են անցկացվել փակ քվեարկություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել