Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի համար:
Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը՝
1) ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջների կատարումը՝ դատավճռի պատճենը և քրեակատարողական մարմնի ծանուցումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դատավճռով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից զրկելու ուղղությամբ՝այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով քրեակատարողական համապատասխան մարմնին կամ հիմնարկին.
2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման պահանջով ներկայացնում է պատիժը կատարելու հետ կապված փաստաթղթեր.
3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում հնգօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը.
4) պատիժը չկրած դատապարտյալին պետական և այլ հիմնարկներում կամ կազմակերպություններում զբաղեցրած որոշակի պաշտոնից ազատելու դեպքում նրա աշխատանքային գրքույկում գրանցում է կատարում այն մասին, թե ինչ հիմքով, ինչ ժամկետով և ինչ պաշտոն զբաղեցնելու իրավունքից է նա զրկված: