Անահիտն ասաց՝ ես էստեղ երեխա չեմ թողնելու, իմ երեխան հոր բախտին չի արժանանալու․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սովորաբար դժվար եմ խոսում ծանր դեպքերի մասին, բայց քանի որ մարդուն նաև ցավն է շարժում, կարիք կա դրանց էլ անդրադառնալու։

Ուրբաթ օրը բանկում էի: Բանկի առջև մի կարմիր ավտոբուս էր կանգնած, որի բարձրախոսներից դուրս էր հորդում մոտալուտ աղետի մասին խոսքը, մոտավորապես էսպիսին.

-Արթնացիր, հայ ժողովուրդ, հայրենիքը կործանվում է, թշնամին չոքել է քո դռանը, չոքել է քո բկին և, եթե դու չգաս առաջիկա հավաքին մեզ աջակցես, ապա քեզ կբռնաբարեն, կսպանեն քո ընտանիքի անդամներին ու ձեր մարմինները կքառատեն, կլցնեն Արաքսը։

Կրկնում եմ, սրանք ասոտատիվ ընկալումներ են, ոչ թե բառացի մեջբերում:

Բանկի աշխատակիցները, նրանք, որոնք հաճախորդ չէին սպասարկում հավաքվել էին դռների մոտ ու ներսից հետևում էին ավտոբուսի մոտ տեղի ունեցող անցուդարձին։

Ինձ սպասարկող օպերատորը` 27-30 տարեկան, գեղեցիկ մի աղջիկ, որը դատելով ձեռքի մատանուց ամուսնացած էր, ավտոբուսից կրկնվող խոսքը ամեն լսելուց, ավելի ու ավելի էր այլայլվում։

-Ի՞նչ եք կարծում, արթուն չե՞նք,- փորձեցի կատակել, խոսել, մի փոքր ցրել ինձ անհայտ իր ներքին ապրումներից…
-Կներեք, չհասկացա…
-Դե, բարձրախոսները կոչ են անում արթնանալ, ի՞նչ եք կարծում` արթո՞ւն չենք։
-Չգիտեմ… երևի չէ…

Մի ակնթարթ համակարգչից հայացքը կտրեց ու նայեց աչքերիս մեջ, երևի փորձելով գնահատել ինձ, հասկանալ հարցիս նպատակը, կռահել կատակ եմ անում, թե լուրջ եմ խոսում… ու էլի անցավ գործին, ավելի այլայլված, մի տեսակ իրար խառնված…

Հնարավոր է ճիշտը լռելն էր, բայց ես որոշեցի փոխել թեման ու խոսել, ինչ որ կերպ հանել էդ վիճակից.

-Չեք գնալու, չէ՞, Հայաստանից։
-Կներեք, չլսեցի ինչ ասեցիք…,-երևում էր, որ մտքերի մեջ է։
-Ի՞նչ եք որոշել, գնալո՞ւ եք Հայաստանից, թե՞ մնալու եք։
-Մնալու…
-Շնորհակալություն, որ մնալու եք։

Նորից հայացքը կտրեց համակարգչից ու նայեց աչքերիս մեջ, մի տեսակ ոչ էն է թախանձանքով, ոչ էն է չարացած…ու խոսեց, գրեթե շշուկով, որ երևի կոլեգաները չլսեն.

-Որ գնալու տեղ ունենայինք` կգնայիք, տեղ չունենք գնալու։ Գոռն էլ էստեղ է թաղված…,- աչքերը լցվեցին,- Հինգ տարի… ամուսնանալու օրվանից հինգ տարի գրին քարտին էինք մասնակցում… Չշահեցինք… Գոռը 20-ին զոհվեց…

Ես ինձ չափազանց վատ զգացի, որ կպել եմ մարդու գուցե ամենացավոտ տեղին…

-Կներեք,- ասացի ես, փորձելով մեղմել մեղքս…

-Ոչինչ,- ասաց Անահիտը (շապիկին գրված էր անունը), անձեռոցիկով զգույշորեն չորացնելով արցունքի կաթիլները,- դուք կներեք…

-Կշտկենք, հավատացեք, էսպես չենք թողնի…,- փորձեցի կիսվել իմ լավատեսությամբ, հուսադրել,- մնացողներով միասին կփոխենք ամեն ինչ։

-Ոչ…,- Անահիտը, քանոնը դրեց սեղանի թղթթերին, մի ձեռքով քանոնը ամուր սեղմեց սեղանին, մյուս ձեռքով վճռական շարժումով կիսեց թուղթը երկու մասի ու իմ բաժին թղթերը արագ իրար գլուխ հավաքելով նորից դարձավ ինձ,- ես էստեղ երեխա չեմ թողնելու…գնալու ենք։ Իմ երեխան հոր բախտին չի արժանանալու։ Դուք մնացողներով շտկեք ինչքան ուզում եք, մենք մեր բաժին վարձքը տվել ենք,- ու իմ բաժին փաստաթղթերը ցուցադրական սիրալիրությամբ մեկնեց ինձ,- շնորհակալություն մեր բանկից օգտվելու համար։

Ինձ այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել ու դուրս գալ բանկից։

Իսկ կարմիր ավտոբուսից բարձր ու խրոխտ շարունակում էր հորդալ մոտալուտ աղետի գույժը…

-Արթնացի՛ր հայ ժողովուրդ, թշնամին չոքել է քո դռանը…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել