Փաշինյանի Սյունիքի մարզ այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը, տեղեկանալով ՀՀ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 20-ին Սյունիքի մարզ կատարած այցի մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհին հարակից Շուռնուխ բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից ուրիշի գույքը վնասելով խուլիգանություն կատարելու նպատակով կազմակերպել են անձանց հավաքագրման գործընթաց։ Նշված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, վերոնշյալ երկու անձանց կազմակերպմամբ, մի խումբ անձինք հավաքվել են Գորիս- Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի տարբեր բնակավայրերի մի շարք ներկայացուցիչներ:

Հավաքված անձանց կերակրելու և հանցանքի կատարման վերաբերյալ ցուցումներ տալու նպատակով, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի կազմակերպմամբ, ժամը 14:50-ի սահմաններում տարածքում հավաքված անձինք սնվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա պատրաստված սեղանների շուրջ, որի ընթացքում, վերջիններիս վրա ներազդելու և խուլիգանական գործողություններն ավելի ակտիվ ու արդյունավետ կատարելու համար, նրանց ալկոհոլ են հյուրասիրել, ինչպես նաև նրանց մոտ վճռականություն առաջացնելու և ակտիվ գործողությունների դրդելու նպատակով՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը վատաբանելու միջոցով հավաքվածներին տրամադրել են ՀՀ վարչապետի դեմ։

Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը ժամը 16:15-ի սահմաններում հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել նրա ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:

Այդ ընթացքում հիշյալ անձինք հավաքվել են ավտոճանապարհի մոտ, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը խուլիգանության մասնակիցներին հրահանգավորել է հարվածել վարչապետին սպասարկող ավտոմեքենային: Այնուհետև, երբ հասարակական կարգի պահպանության նպատակով տվյալ տարածք են ժամանել ոստիկանության  աշխատակիցները, ավտոճանապարհի երթևեկությանը չխոչընդոտելու շուրջ բանակցություններ վարելուց հետո, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել են դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին։

ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Շուռնուխ բնակավայրի տարածքով անցնելու ընթացքում խուլիգանության մասնակիցները, այդ թվում նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, չեն ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին, իսկ մի խումբ մասնակիցներ դիտավորությամբ հարվածել են ՀՀ վարչապետին սպասարկող «Մերսեդես Ս 600», ինչպես նաև ավտոշարասյան «Տոյոտա Լենդ Կրաուզեր 200» մակնիշի ավտոմեքենաներին:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կազմակերպած խուլիգանության արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժը, ինչպես նաև դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 24.011.500 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել պետական սեփականություն հանդիսացող «Մերսեդես Ս 600» մակնիշի ավտոմեքենային։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 11 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված 21 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել