Նոր իրավակարգավորում Քննչական կոմիտեում՝ աշխատակիցների պարգևատրման գործընթացի հետ կապված

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից վերջերս վավերացված հրամանի համաձայն նոր իրավակարգավորում է տրվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման գործընթացին, հաստատվել են վերջինիս կարգն ու չափորոշիչները՝ նպատակ ունենալով ապահովել տրվող պարգևատրումների արդարացի,  կանխատեսելի բաշխումը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ըստ այդ իրավական ակտի սահմանվում է, որ Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության և կայազորային քննչական բաժինների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման դեպքում հաշվի է առնվում Կոմիտեի նախագահի հանձնարարականով սահմանված անհատական ծանրաբեռնվածության ամսական հաշվետվության համաձայն դատարան ուղարկված,  վարույթը կարճված, վարույթը կասեցված քրեական գործերով ցուցաբերված՝ համապատասխանաբար 40-49 տոկոս, 50-59 տոկոս, 60 տոկոսից ավել արտադրողականությունը:

Հիշյալ հրամանով սահմանված կարգով Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում հիմք է ընդունվում ավարտված կամ ընթացք տրված գործերի բարդությունը, բազմադրվագությունը,  հասարակական հնչեղությունը, ինչպես նաև՝ հանցագործությամբ պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը,  նախաքննության ընթացքում բացահայտված նոր հանցագործությունների դեպքերը, արագ արձագանքման դեպքերում՝  քննչական խմբերում ընդգրկված լինելը,  նախաքննության ընթացքում ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ լուծումներ և առաջարկություններ ներկայացնելը: 

Իրավաբան.net-ին նաև հայտնի է, որ ՔԿ կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների,  զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պարգևատրվում  են հաշվի առնելով հետևյալ  չափորոշիչները.

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ վերահսկողության ենթակա ստորաբաժանման վարույթում ուսումնասիրված քրեական գործերի քանակը, վերահսկողական գործառույթների շրջանակներում քրեական գործերով քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ նախապատրաստված  հանձնարարականների քանակը, քրեական գործերով հայտնաբերված խախտումների կապակցությամբ նախնական ուսումնասիրություն անցկացնելու նպատակով ներկայացված զեկուցագրերի քանակը, քննարկված ու պատասխանված դիմումների քանակը և այլն: 

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դեպքում հաշվի են առնվում ինչպես նախորդ պարբերությունում նշված, այնպես էլ Կոմիտեի նախագահի տեղակալի ներքին և անհատական իրավական ակտերի՝  մշակված նախագծերի քանակը,  oրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ ներկայացված առարկայական դիրքորոշումների և առաջարկությունների քանակը:

Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պարգևատրելիս հիմք են ընդունվելու Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացված ուսումնասիրությունների,  հայտնաբերած  էական խախտումների  քանակը,  ներկայացված զեկույցների, վերլուծական նյութերի քանակը, քրեագիտական տեխնիկայի կիրառման բնագավառում քննիչների գիտելիքների, աշխատանքային կարողությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալը և այլ չափանիշներ:

Կոմիտեի ներքին անվտանգության վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարագայում նկատի է առնվում  Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացված ուսումնասիրությունների և հայտնաբերված խախտումների  քանակը, նախնական ուսումնասիրության շրջանակներում ի հայտ բերված առերևույթ  կարգապահական խախտման նոր դեպքերի քանակը, կարգապահական խախտում ծնող պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ ներկայացված առաջարկությունների քանակը: 

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Իրավաբանական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարգևատրվում է հետևյալ չափանիշային ցուցիչներով՝ օրենսդրության կատարելագործման ու Կոմիտեի գործունեության բարելավմանն ուղղված իրավակարգավորումների վերաբերյալ ներկայացված առաջարկների քանակը, մշակված օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերի, Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալների ներքին և անհատական իրավական ակտերի  նախագծերի քանակը և այլն: 

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դեպքում հիմք են ընդունվում  օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին կատարված հարցումների քանակը, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ ուղարկելու նպատակով ստացված և խմբագրված  իրավական օգնություն ցույց տալու մասին  հարցումների քանակը, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված կազմակերպական աշխատանքների ծավալը,  օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրումը: 

Քննչական հատվածի աշխատակիցների հիմնական մասին պարգևատրելիս ներառված են նաև Կոմիտեի աշխատանքային ծրագրով իրականացված ուսումնասիրությունների, քննարկված տեղեկատվության հարցումների,  մինչդատական վարույթին վերաբերող մշակված մեթոդական ուղեցույցների քանակների,  աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարված արդյունավետ աշխատանքի, հրատարակված գիտական հոդվածների և մենագրությունների՝ ընդհանրական ցուցանիշները:

Հավելենք, որ հիշյալ հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող  և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կատարած որակյալ աշխատանքի պարգևատրումը կատարվում է՝ հիմք ընդունելով աշխատանքային պարտականությունների լավ կամ գերազանց կատարման,  աշխատանքային խմբերում կամ հանձնաժողովներում կատարած արդյունավետ աշխատանքի,  աշխատանքի ընթացքում դրսևորած նախաձեռնողականության ցուցանիշները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել