Ո՞րն է ժամանակավոր ներմուծման ռեժիմը

Ներմուծում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և ՀՀ մաքսային օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների.

բ) ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարաձգել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին և դրանց անձնակազմին պատկանող ապրանքների և տրանսպորտային միջոցների, որի դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող է երկարաձգել հայտարարատուի խնդրարկած ժամկետով: Սույն ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսների և պատվո հյուպատոսարանների աշխատակիցների կողմից ներմուծվող ապրանքների վրա.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով, ինչպես նաև ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված, ներառյալ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրին դասվող, ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Օտարերկրյա անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով.

գ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների և ՀՀ մաքսային օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ միջոցների.

դ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված.

ե) արգելվում են բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի ապրանքների և տրանսպորտային միջոցների այլ փոփոխությունները:

զ) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել