Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։
Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։
Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են քովիդով պացիենտներին, աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով և մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում։
Քիչ չեն նաև մեր այն հայրենակիցները, որոնք հնարավորություն չունեն հոսպիտալացվելու և տանը սպասում են իրենց հերթին։
Մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ կոչ եմ անում պատվաստվել, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք կոտրել վարակի շղթան, ինչպես նաև՝ հոսպիտալացվելու անհրաժեշտություն չառաջանա։
Պատվաստմանը զուգահեռ ուզում եմ կրկին հիշեցնել հակահամաճարակային կանոնները՝ ձեռքերը հաճախակի լվանալ կամ ախտահանել, պահել սոցիալական հեռավորություն և հանրային փակ տարածքներում դիմակ կրել»։