Հոկտեմբերի 12-ին, ժամը 01.40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գանձաքար տանող ճանապարհին փայտանյութով բեռնված ավտոմեքենա է ընթանում:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված «Զիլ-157»-ը, որի վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել։ Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել էր բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել էր մասնագիտական ստուգում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտեմբերի 22-ին պարզվել է, որ «Զիլ-157»-ի 50-ամյա վարորդը Նավուրի անտառպետության Զագարաքլու և Պհրի ուրթ հանդամասերում ապօրինի հատել էր տարբեր տեսակի 111 թաց, կանգուն ծառ:
Քննությունը շարունակվում է։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Ստեփանավան քաղաքի Երկրաբանների փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել և ստուգել էին 33-ամյա տղամարդու վարած «ՈՒԱԶ-3152» ավտոմեքենան, որը բեռնված էր մոտ 1,5 խմ փայտանյութով:
Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել, հայտնել էր, որ փայտանյութը Ստեփանավանի մոտակա անտառից բարձել և ցանկացել է տեղափոխել ծանոթի տան բակ:
Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել էր բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հոկտեմբերի 22-ին Ստեփանավանի ոստիկանները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 34-ամյա տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 16-ին Ստեփանավանի անտառտնտեսության 11-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 2 ծառ, որն էլ իր տան բակ պետք է տեղափոխեր 33-ամյա տղամարդը։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Վնասի չափը պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: