Ինչպե՞ս կարող էր իմ 13 տարեկան աղջիկն ավտոմեքենայի գույքահարկ վճարել. պատասխանող

Հունիսի 4-ին ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց արդեն 2 տարի ընթացող վարչական գործն ըստ հայցի՝ Երևան համայնքի ընդդեմ Աշոտ Ստեփանյանի:

Վերջինիս նկատմամբ Երևան համայնքը հայց է ներկայացրել՝  պահանջելով  վճարել Ա. Ստեփանյանի անվամբ գրանցված  Ֆորդ մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը:

Աշոտ Ստեփանյանը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում այդ հարկը վճարել, քանի որ  մեքենան դեռևս 2000  թվականին վաճառել է. «Այդ տարիների ընթացքում շատ մեքենաներ եմ վաճառել, հետևաբար չեմ կարող հիշել,  թե 12 տարի առաջ, որ մեքենաս ում եմ վաճառել: Եթե  հարկային տեսչությունը ինձանից հարկ պահանջեր վաճառելուց մեկ տարի անց, ես անգամ մաղարիչ կանեի նրանց, քանի որ այն ժամանակ ես համապատասխան փաստաթուղթ ունեի և կարող էի գնալ ու վերցնել մեքենաս»: Նրա խոսքերով, ըստ կնքված պայմանագրի, ինքն իրավունք ունի ետ վերցնելու մեքենան, եթե գնորդը մեկ տարվա ընթացքում ավտոմքենայի համար գանձվող հարկերը չի վճարում. «Չվճարելը ձեռք չէր տա գնորդին: Հետևաբար ես չեմ հավատում, որ ինքը հարկ չի վճարել»:

Նշենք, որ դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցչը դատարանին հանձնեց համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում էր, որ հիշյալ Ֆորդ մակնիշի ավտոմեքենան պատկանում է Աշոտ Ստեփանյանին: Վերջինս մեքենայի առք ու վաճառքը հաստատող փաստաթուղթ այդպես էլ չի ներկայացրել դատարան: 

Պատասխանողի  պնդմամբ  հայցվորն իրեն ուղարկել է երկու փաստաթուղթ.  «Մեկը հաստատում է, որ մեքենան ինձ է պատկանում, իսկ մյուսը, որ մեքենան պատկանում է  աղջկաս:  Փաստաթղթում նշված է, որ 2000 թվականից մեքենան գրանցված է  աղջկա անունով, և նա մինչև 2008 թվականը հարկ է վճարել:  Ես դա հասկանալ չեմ կարողանում, քանի որ այդ ժամանակ իմ աղջիկը ընդամենը 13 տարեկան էր, հետևաբար հարկ վճարել չէր կարող»:

Աշոտ Ստեփանյանը զրույցի վերջում նշեց, որ իր համար այս պարագայում  գումարը  նշանակություն չունի. «Սա արդեն սկզբունքային խնդիր է: Եթե այս հարցը չլուծվի այստեղ, ես պատրաստվում եմ անգամ մինչև Եվրոդատարան գնալ»:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 19-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել