Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:
Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են`
1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար.
2) փորձագետների վճարման համար.
3) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար.
4) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար.
5) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:
Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից`
ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.
բ) մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:
Կատարողական գործողությունների կատարման ծախսերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը դատական կարգով բռնագանձվում է պարտապանից:
Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից դատական կարգով: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:
Աղբյուրը` Իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: